Ստամբուլի գլխավոր դատախազությունը Էրդողանի ցուցումով «Խաղաղության համար գիտնականների նախաձեռնության» անդամների նկատմամբ 301-րդ հոդվածի հատկանիշներով հետաքննություն է սկսել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը Թուրքիայի նախագահին ուղղված խաղաղության կոչի տեքստի տակ ստորագրած 1128 թուրք եւ օտարերկրացի գիտնականների նկատմամբ 301-րդ հոդվածի (թյուրքականության վիրավորում) հատկանիշներով սկսված հետաքննության շրջանակներում նախատեսվում է 6 ամսից մինչեւ 2 տարվա ազատազրկում։ Գիտնականներին նաեւ մեղադրանք է ներկայացվել «ահաբեկչական կառույցի» քարոզչություն հոդվածով, որն էլ իր հերթին նախատեսում է 1-ից 5 տարվա ազատազրկում։
Նշենք, որ հենց տխրահռչակ 301-րդ հոդվածով էլ նախկինում դատապարտել էին Հրանտ Դինքին, ում ավելի ուշ ՄԻԵԴ-ը արդարացրեց։
Հիշեցնենք, որ Թուրքիայից ու արտասահմանից հայտնի 1128 գիտնական ու մտավորական ստորագրել են մի տեքստի տակ, որով կոչ են անում քրդերի հետ խաղաղություն հաստատել, դադարեցնել արեւելքում քրդերի կոտորածն ու թույլ տալ հանձնաժողովներ մտնեն բախումների գոտիներ։ Էրդողանը այդ գիտնականներին դավաճան էր անվանել ու հրահանգել հետաքննություն սկսել նրանց դեմ։ Արդեն ձերբակալվել է 12 գիտնական Քոջաելիի համալսարանից։



























