2010 թ. հոկտեմբերի 1-ից ապահովագրական 8 ընկերություններ սկսելու են ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրական պոլիսների գրանցումը: Հայաստանի 400 հազ. ավտոմեքենատերեր մինչեւ հունվարի 1-ը պետք է ապահովագրական պոլիսներ ձեռք բերեն: Պոլիսը պարտադիր պետք է փակցված լինի ավտոմեքենայի դիմապակու վրա, հակառակ դեպքում ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի:

Առայժմ դեռ վերջնականապես հստակեցված չէ, թե ավտոմեքենաների սեփականատերերը տարեկան որքան գումար պետք է վճարեն պարտադիր ապահովագրման նպատակով: Կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանը NEWS.am-ին ասաց, որ այդ հարցը կհստակեցվի սեպտեմբերի վերջին, ամենայն հավանականությամբ` ապահովագրական պոլիսը մեքենայի սեփականատերերի վրա կնստի տարեկան 10-40 հազ. դրամ (27-110 դոլար):

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության տնօրեն Վահան Ավետիսյանի տեղեկացմամբ` պոլիսի արժեքը որոշելիս մեքենայի արժեքը որեւէ նշանակություն չի ունենա: Ռիսկերը գնահատվելու են բոլորովին այլ չափանիշներով` շարժիչի տեսակը, արտադրության տարին, վարորդի փորձը, ուղեւորների քանակը եւ այլն: Այսինքն` առավել հավանական է, որ հին ու անսարք մեքենաների ապահովագրական պոլիսն ավելի թանկ արժենա, քան նոր եւ թանկարժեք մեքենաներինը: Սա, անշուշտ, սոցիալական որոշ դժգոհություն կառաջացնի, քանի որ հատկապես գյուղական վայրերում բազմաթիվ են հին մեքենաները, որոնք շատ հաճախ օգտագործվում են գյուղմթերքի տեղափոխման նպատակով: Սակայն նաեւ հենց այդ մեքենաներն են ավելի հաճախ վթարի պատճառ դառնում: