Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը, ով եւս Հայաստանի քաղաքացիներից բաղկացած 11 հոգանոց խմբում է եղել, լույս է սփռել Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի վրա: Նրա խոսքով՝թուրքական իմիգրացիոն ծառայությունները, հատուկ ստուգման եւ հարցաքննության են ենթարկել իրենց եւ իրենց հետ նույն չվերթով Երեւանից ժամանած մոտ երկու տասնյակ ուղեւորների: Մասնավորապես, ապացույցներ են պահանջել` թե, արդյոք, եկածները մնալու, կացության եւ վերադարձի համար բավարար միջոցներ ունե՞ն: «Շեշտեմ, որ այդ կարգի ստուգման ենթարկել էին բացառապես միայն Երեւանից ժամանած չվերթի ուղեւորներին»,-հայտնել է Նավասարդյանն իր կողմից տարածված հայտարարության մեջ:
Ըստ նրա՝ ստուգման ենթարկվածների մեջ էին նաեւ «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից հրավիրված մի խումբ այլ լրագրողներից չորսը: «Չնայած «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչը, ով ուղեկցում էր այդ խմբին Երեւանից, ներկայացրել էր այդ չորս հոգու ով լինելը, թուրք ծառայողները շարունակում էին պահանջել, որպեսզի լրագրողները ցույց տան իրենց մոտ եղած կանխիկ գումարները եւ ապացուցեն, որ ունեն հյուրանոց եւ այլն: Իմանալով այդ մասին, ես հրաժարվեցի սահմանային անցակետը հատել եւ հայտարարեցի, որ կանցնեմ միայն ստուգման ենթարկված լրագրողներից հետո: Իմիգրացիոն ծառայության պատասխանատուները սպառնացին դեպորտացիայի ենթարկել ինձ: Ես ասացի` խնդրեմ: Հետո միջադեպին խառնվեցին մեզ դիմավորող մեր թուրք գործընկերների ներկայացուցիչները եւ Հրանտ Դինքի դուստր Դելալ Դինքը, որն ինձ հետ միացել էր հեռախոսով: Մոտ երկու ժամ հետո, լրագրողներին թույլ տրվեց անցնել սահմանը: Ես անցա անմիջապես նրանցից հետո: Այսօր մեր կոնֆերանսի բացման ժամանակ ես կանեմ համապատասխան հայտարարություն»,-ասված է ԵՄԱ ղեկավարի տարածած հաղորդագրության մեջ:





























