Ուկրաինական «Սանտե-Ալկո» ընկերությունը վերականգնել է հայկական «Արցախ» կոնյակի ներկրումները եւ վաճառքը Ուկրաինայում։ Այդ մասին Analitika.at.ua կայքին տված հարցազրույցում ասել է ընկերության առաջատար մենեջեր Լեոնիդ Ալեքսեյենկոն։
«Արցախ» կոնյակը Հայաստանում արտադրում է «ՄԱՊ» ընկերությունը։ Շշի պիտակին նկարված է Հայասատանի ու ԼՂՀ-ի միացյալ քարտեզը, որի պատճառով այս արտադրանքի արտահանումը Եվրոպա դժգոհություններ է առաջացնում ադրբեջանական համայնքներում։ Օրինակ՝ կոնյակի վաճառքը գերմանական Շտուտգարտ քաղաքում այս տարվա հունիսին այնտեղ բնակվող ադրբեջանցիների մոտ հուզումների ալիք էր բարձրացրել։
Նշենք, որ «Սանտե-Ալկո» ընկերությունը ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խմբի կազմում ընդգրկված բրենդների պաշտոնական մատակարարն է Ուկրաինայի տարածքում։ Այդ բրենդներից է նաեւ Երեւանի կոնյակի գործարանի «Արարատը»։
«Սանտե-Ալկոն» Ուկրաինայում վաճառում է նաեւ «Վեդի Ալկո»-ի գինիները, «Ջերմուկ» եւ «Բյուրեղ» ջրերը, «Անի» հյութը։





























