Եթե վերլուծենք վերջին շրջանում Թուրքիայի քաղաքականությունը, պարզ կդառնա, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող երկիրն իր բոլոր գործողություններով ապացուցում է, որի տեղը ԵՄ-ն չէ: Սեպտեմբերի 13-ին Ստամբուլի օդանավակայանում հայ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը դրա վառ ապացույցն է: Այդ մասին, սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Փաստը, որ օդանավակայանի աշխատակիցները ձերբակալել են լրագրողներին եւ խոչընդոտել նրան մուտքը երկիր միայն նրանց հայ լինելու պատճառով, անթույլատրելի է մի երկրի համար, որը նախօրեին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե էր անցկացրել: Ընդ որում, այդ բարեփոխումները նպատակ ունեին երկրում ժողովրդավարական սկզբունքներ ամրագրել»:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ստամբուլի օդանավակայանի թուրք աշխատակիցները մի քանի ժամ պահել էին հայ լրագրողներին եւ թույլ չէին տվել մուտք գործել Թուրքիա: Հայ լրագրողները մեկնել էին Թուրքիա` մասնակցելու սեպտեմբերի 13-15-ին կայանալիք «Մեդիայի դերը ղարաբաղյան հակամարտությունում եւ տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության բարելավումը» սեմինարին: Նրանց մեջ են եղել, մասնավորապես, «Առավոտ»-ի, Panorama.am-ի, epress.am-ի լրագրողները:

Անձնագրերի ստուգման ժամանակ, Թուրքիա ժամանած հայ լրագրողներից, ինչպես նաեւ մյուս հայ ուղեւորներից թուրք սահմանապահները վերցրել են անձնագրերը: Նրանք հայերին կանչել են իրենց մոտ ու ստուգել, թե ունե՞ն, արդյոք, հետդաձի տոմս եւ ապրելու համար անհրաժեշտ գումար:

Տեղեկանալով, որ ուղեւորների մի մասը լրագրողներ են, ոստիկանության հսկիչ ծառայության աշխատակիցներն առանձնացրել են լրագրողներին ու մեկ ժամից ավելի պահել:

Միջադեպը հարթվել է, երբ գործին միջամտել են սեմինարի կազմակերպիչ թուրքական կողմի ներկայացուցիչները: Սեմինարը կազմակերպել են Երեւանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, ադրբեջանական «Յենի Նեսիլ» լրագրողների միությունը եւ Global Political Trends Centre-ը: