Եգիպտական ձկնորսական նավը խորտակվել է Կարմիր ծովում՝ Սուդանի ափերի մոտ: Նավի անձնակազմի երկու անդամներ փրկվել են, մնացած նավաստիների  (մոտ 20 մարդ) ճակատագիրն անհայտ է: Այս մասին հաղորդում է «Մասրավի» պորտալը:

Նավի սեփականատեր ընկերության տեղեկատվությամբ, նավաստիները ձկնորսության են դուրս եկել 10 օր առաջ: Մի քանի օր անց նավում, որը կրում է «Զեյնաթ ալ Բահրեյն» անվանումը, անսարքություն է հայտնաբերվել: Նավի անձնակազմը խարիսխ է գցել՝ փորձելով ֆիքսել նավը: Վատ եղանակի՝ ուժեղ քամու եւ բարձր ալիքների պատճառով խարիսխի շղթան պոկվել է, եւ նավը խորտակվել է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Անձնակազմից միայն երկուսին է հաջողվել փրկվել, որոնց վերցրել է այդ հատվածով անցնող նավը: Նրանց հասցրել են Սուդանի առափնյա պահպանության ծառայություն: Նավաստիները հայտնել են նավի կործանման մասին եւ օգնություն խնդրել:

Նավի անձնակազմի մյուս անդամների ճակատագրի մասին տեղեկություններ դեռ չկան: