ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն իրեն վեր է դասել օրենքից՝ հույժ գաղտնի տեղեկությունները պահելով իր անձնական փոստի սերվերում: Դա անընդունելի է, դա վարկաբեկում է նրան, հայտարարել են Հանրապետական կուսակցության գործիչները: Հանրապետականների կողմից քննադատությունը հնչել է Այովա նահանգում Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահական պաշտոնի համար առաջադրվող թեկնածուների թեմայով վճռորոշ բանավեճերի նախօրեին:

Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ պետքարտուղար Քլինթոնի 2009-2013 թթ. էլեկտրոնային նամակագրության մեջ 22 նամակ գաղտնի տեղեկություններ են պարունակել: Ինչպես հայտնի է դարձել AP լրատվական գործակալությանը, 37 էջանոց յոթ նամակների բովանդակությունը դասակարգվում է որպես հույժ գաղտնի տեղեկություններ: Այդ նամակներում ի թիվս ամենայնի՝ հիշատակված էր նաեւ անօդաչու թռչող սարքերը ռազմական նպատակներով օգտագործելը, հայտնում է RG-ն:

Անվտանգության հարցերով հատուկ հանձնաժողովը պետք է ճշտի նամակների գաղտնիության աստիճանը դրանց գործածման պահին եւ պարզի՝ արդյոք դրանք էլեկտրոնային փոստով ուղարկվել են հասցեատիրոջը, հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Հիլարի Քլինթոնը ֆավորիտ է համարվում նախագահական պաշտոնի համար Դեմոկրատական կուսակցության թեկնածուների շրջանում: Չպաշտպանված ալիքներով նրա չթույլատրված նամակագրության մասին հայտնի է դարձել 2015 թ. մարտին: Պետդեպարտամենտը, վկայակոչելով անվտանգության հարցերով փորձագետներին,հայտնել էր, որ իրենք տեղեկություններ չունեն հաքերների կողմից նախկին պետքարտուղարի հեռախոսի հնարավոր «կոտրելու» մասին: