Պենտագոնը հաստատել է Անկարայի հայտարարությունն այն մասին, որ ռուսական զինվորական օդանավը խախտել է թուրքական օդային տարածքը: Ամերիկյան ՊՆ-ն Ռուսաստանին եւ Թուրքիային կոչ է արել բանակցել եւ միջոցներ ձեռնարկել՝ լարվածության սրացումը կանխելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Մարկ Ռայթին:

«Մենք ծանոթ ենք հաղորդագրություններին եւ կարող ենք հաստատել, որ երեկ ռուսական եւս մեկ ռազմական ինքնաթիռ խախտել է Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի օդային տարածքը: Ռուսաստանին կոչ ենք անում հարգել Թուրքիայի օդային տարածքը եւ դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են տարածաշրջանում անկայունության աճին: Կարեւոր է, որպեսզի ռուսներն ու թուրքերը խոսեն միմյանց հետ եւ միջոցներ ձեռնարկել՝ սրացումը կանխելու համար»,- հունվարի 30-ին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հունվարի 29-ի կեսօրին մոտ ռուսական օդուժի Սու-34 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայում ռուսական ավիախմբի որեւէ ինքնաթիռ չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: