Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված մի շարք երկրներ բավարար օգնություն չեն ցուցաբերում փախստականներին։ Այս մասին ասված է աղքատության դեմ պայքարող Oxfam կազմակերպության զեկույցում։
Reuters-ի փոխանցմամբ՝ այդ երկրների թվում են Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան եւ Ֆրանսիան, որոնք ավելի քիչ միջոցներ են հատկացրել, քան պահանջում է հումանիտար օգնության արդար բաշխման սկզբունքը, որը կարող է ցուցաբերել պետությունը, անկախ իր տնտեսական զարգացման մակարդակից։ 2015թ. միջազգային հանրությունը նվիրաբերել է անհրաժեշտ 8.9 մլրդ դոլարի ընդամենը 56.5 տոկոսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Համաձայն այդ զեկույցի՝ Ռուսաստանը նվիրաբերել է արդար բաշխման միջոցների իր բաժնի միայն 1 տոկոսը եւ չի մասնակցել սիրիացի փախստականների ընդունման գործին, իսկ Պարսից ծոցի երկրները չեն ներգրավվել փախստականների տեղաբաշխման ծրագրում, քանի որ չեն ստորագրել ՄԱԿ համապատասխան կոնվենցիան։ Սաուդյան Արաբիան կատարել է իր պարտավորությունների 28 տոկոսը։
Ֆրանսիայի իշխանությունները կարողացել են հատկացնել իրենց ստանձնած հումանիտար օգնության 45 տոկոսը, իսկ ԱՄՆ-ը՝ 76 տոկոսը։
Կանադան, Նորվեգիան եւ Գերմանիան խոստացել են ավելի շատ փախստականներ ընդունել, քան դա պահանջում է արդար բաշխման սկզբունքը։ Իսկ Դանիան, Նորվեգիան եւ Մեծ Բրիտանիան գերազանցել են իրենցից պահանջվող օգնության չափը։



























