ԱՄՆ իրավապահ մարմինները կարողացել են ձերբակալել Քալիֆորնիայում բանտից փախած 3 վտանգավոր հանցագործներին։ Ինչպես հայտնել է Օրինջի շրջանի շերիֆ Սանդրա Հաթչենսը, կալանավորներ Հուսեյն Նայերին, Ջոնաթան Թիուն եւ Բաք Դուոնգը կիրակի տեղափոխվել են Սանտա Անա քաղաքի կալանավայր, որտեղից նրանք փախել էին ավելի քան մեկ շաբաթ առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
43-ամյա Դուոնգը անցյալ ուրբաթ ինքն էր ներկայացել ոստիկանություն։ Նույն օրը իրավապահները հայտնել էին, որ դուրս են եկել մյուս 2 բանտարկյալների հետքի վրա։ Դրանից մեկ օր անց 37-ամյա Նայերին եւ 20-ամյա Թիուն ձերբակալվել էին Սան Ֆրանցիսկոյում։
Պարզվել է, որ բանտարկյալները փախել էին Լոս Անջելեսում առեւանգած ֆուրգոնով։ Կալանավորներին ձերբակալելու գործում օգնել էր տեղաբնակ մի կին, որը, տեսնելով հետախուզման մեջ գտնվող մեքենան, զանգահարել էր ոստիկանություն։


























