2010 թ. Ընթացքում, ՀՀ Կենտրոնական բանկի ակտիվները նվազել են մոտ 13 տոկոսով, իսկ պարտավորությունները՝ մոտ 10 տոկոսով։ Այս տեղեկատվության աղբյուրը ԿԲ երկրորդ եռամսյակի այսօր հրապարակած բանբերն է։ Հուլիսի 1-ի դրությամբ, ԿԲ ակտիվները կազմել են 884 մլրդ դրամ (մոտ 2,4 մլրդ դոլար)՝ տարեսկզբի 1 տրիլիոն դրամի (ներկայիս փոխարժեքով՝ մոտ 2,7 մլրդ դոլար) դիմաց։ Պարտավորությունները եւս 1 տրլն դրամից նվազել են մինչեւ 903 մլրդ դրամ (մոտ 2,48 մլրդ դոլար)։
ԿԲ ակտիվների եւ պարտավորությունների նվազման վրա, հավանաբար, ազդեցություն են թողել փոխարժեքի տատանումները։ Քանի որ ԿԲ ակտիվների մոտ 80 տոկոսը արտահայտված է արտարժույթով, դոլարի արժեզրկումը դրամի նկատմամբ, (ինչը որ տեղի է ունեցել 2010-ի ընթացքում), մեխանիկորեն հանգեցնում է դրամային արտահայտությամբ ակտիվների նվազման։ ԿԲ պարտավորությունների միայն 23 տոկոսն է արտարժույթով, ինչի արդյունքում, պարտավորությունների նվազումը ավելի նվազ է եղել։
Սակայն նշենք, որ ԿԲ դրամային ակտիվներն ու պարտավորությունները նույնպես նվազել են։ Օրինակ՝ վաճառքի համար մատչելի ակտիվները նվազել են 30 մլրդ դրամով (մոտ 82 մլն դոլար)։




























