Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փետրվարի 2-ին կայացած նիստում քննարկել է առեւտրին, անասնաբուժական-սանիտարական պահանջներին վերաբերող մի շարք հարցեր:

ԵՏՀ կոլեգիան փոփոխություններ է կատարել անասնաբուժական վերահսկողության ենթակա ապրանքներին առաջադրվող Միասնական անասնաբուժական (անասնաբուժական-սանիտարական) պահանջներում: Մասնավորապես, այդ պահանջներում հստակեցվել են կերի եւ կերի հավելումների արտադրության ժամանակ հումքի մշակման պայմաններին վերաբերող տեխնիկական չափանիշները: Դրանք թույլ կտան բացառել շուկայի մասնակիցներին առաջադրվող ավելորդ պահանջները:

Միաժամանակ, պարզեցվել է ԵՏՄ անդամ երկրների միջեւ քաղաքացիների անձնական օգտագործման կենդանի անասունների փոխադրման կարգը: Այդ նպատակով վերացվել է Միության ձեռնարկությունների ռեեստրում դրանք գրանցելու անհրաժեշտությունը:

Բացի այդ, ԵՏՀ Կոլեգիան փոփոխություններ է կատարել «Երրորդ երկրներից վերահսկողության ենթակա ապրանքները ԵՏՄ տարածք ներմուծման Միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձեւաթղթերի մասին» Մաքսային միության հանձնաժողովի որոշման մեջ: Որոշվել է, որ անասնաբուժական սերտիֆիկատների հին ձեւաթղթերը, որոնք թողարկվել են մինչեւ ԵՏՀ Կոլեգիայի որոշման ուժի մեջ մտնելը, կարող են օգտագործվել մինչեւ 2016 թվականի հունիսի 1-ը:

Ավելի վաղ ԵՏՀ Կոլեգիայի որոշմամբ հավանության էր արժանացել նաեւ տեխնոլոգիական փաստաթղթերի փաթեթ, որը ԵՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միջեւ տեղեկատվական փոխգործակցությունը: