Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների մեծամասնությունը ենթադրում է, որ 2016-ի վերջին նավթի համաշխարհային գները կաճեն 50%-ով: Վերլուծաբանների գնահատականներով, Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում   WTI եւ Brent կողմնորոշիչ ապրանքանիշները կթանկանան միջինը  15 դոլարով եւ կհասնեն  WTI-ի մեկ բարելի դիմաց 46 դոլարի եւ  Brent-ի մեկ բարելի դիմաց 48 դոլարի մակարդակին: 

Համաշխարհային շուկաներում նավթի ավելցուկը, որը նպաստել էր գների անկմանը մինչեւ   12 տարվա ընթացքում նվազագույն արժեքի, շուտով ԱՄՆ-ի նավթարտադրության նվազման շնորհիվ կարող է նավթի պակաս առաջացնել, կարծում են  Goldman Sachs-ում:

IV եռամսյակին մոտ ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը կնվազի 7%-ով կամ օրական 620 հազար բարելով, նշում է Էներգետիկական տեղեկատվության գործակալությունը (EIA): Միաժամանակ Միջազգային էներգետիկ գործակալությունը ՕՊԵԿ-ին չանդամակցած երկրներում նավթի արդյունահանման ծավալների նվազում է կանխատեսում օրական  600 հազար բարելի չափով: Նավթի շուկայում առաջարկի կրճատումը, ինչպես նաեւ հումքի ցածր գները կարող են գների նոր ցատկի պատճառ դառնալ, ենթադրում են գործակալության կողմից հարցված փորձագետները:  Ցատկին հավատացողները`    Citigroup, UBS եւ Societe Generale բանկերի վերկուծաբանները, գների դրական դինամիկա են ակնկալում տարվա երկրորդ կեսին, տեղեկացնում է   Gazeta-ն: 

«ԱՄՆ-ի թերթաքարային նավթը` ահա թե որտեղ մենք պահուստների նվազում կարձանագրենք, եւ մատակարարումների կրճատումը հենց այստեղից կսկսվի», — հայտնել է Phillip Futures-ի ներդրումների վերլուծաբան Դանիել Անգը:

Նյու Յորքի (NYMEX) ապրանքային բորսայում WTI ապրանքանիշի թեթեւ նավթի ֆյուչրսներն աճել են 1,47%-ով` մինչեւ մեկ բարելի դիմաց 30,32 դոլար:

Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent ապրանքանիշի ֆյուչրսներն ապրիլին մատակարարմամբ աճել են 2,19%-ով, մինչեւ մեկ բարելի դիմաց 33,18 դոլար: