Մոնղոլիայի կառավարությունը որոշում է կայացրել երկրի հյուսիս-արեւելքում նավթավերամշակման գործարանի եւ նավթատարի կառուցման մասին: Ինչպես չորեքշաբթի հաղորդել է  «Մոնղոլիայի ձայն» ռադիոկայանը, այդ քայլը նախ եւ առաջ ուղղված է նավթամթերքի ներմուծումից կախման պլանաչափ նվազմանը:   Երկրում նավթի վերամշակման առաջին խոշոր գործարանը կտեղակայվի հյուսիս-արեւելյան Խենտիի  այմաքի  (նահանգի) տարածքում: «Շինարարության վայրն ընտրվել է` ելնելով նավթի հանքերին մերձությունից, անհրաժեշտ ենթակառուցվածքի առկայությունից, ինչպես նաեւ հում նավթը եւ պատրաստի արտադրանքը սպառողներին մատակարարելու հնարավորությունից», - ասված է հաղորդագրության մեջ:

 Օբյեկտի շահագործման հանձնումն ակնկալվում է  2021-ին, ինչը, Ուլան Բատորի կարծիքով, թույլ կտա նվազեցնել նավթամթերքի ներմուծման ծավալը եւ դուրս գալ արտասահմանցի մատկարարողներից կախվածությունից, ինչը դրականորեն կազդի արտաքին առեւտրական հաշվեկշռի վրա եւ նոր աշխատատեղեր կստեղծի:   Խոշորածավալ նախագծի իրականացման համար պատասխանատու է նշանակվել արդյունաբերության նախարար Դոնդոգդորժ Էրդենեբատը:  Այժմ Մոնղոլիայում բացակայում են խոշոր նավթավերամշակող արդյունաբերությունները, ինչի կապակցությամբ վառելիքի հիմնական մատակարարումն իրականացվում է Ռուսաստանից, առավելապես Իրկուտսկի մարզից: Միաժամանակ երկրի միներալ ռեսուրսների խորհուրդը Մոնղոլիայի տարածքում ածխաջրածնային հումքի ընդհանուր հավաստի պահուստը գնահատել է  1,6 մլրդ տոննա, իսկ ամերիկյան Sovereign Exploration Associates International ընկերության փորձագետները` 4-5 մլրդ տոննա: