Եվրահանձնաժողովը սկսել է «Հյուսիսային հոսք - 2» գազամուղի ծովային հատվածի գնահատումը: Այդ մասին հայտնել է էներգետիկայի գծով եվրոհանձնակատար Միգել Արիաս Կանյետեն, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նշվում է, որ գործընթացը սկզբնական փուլում է եւ վերջնական որոշման կայացման համար առայժմ տվյալները բավարար չեն: 

«Մենք գնահատում ենք «Հյուսիսային հոսք - 2» նախագծի ծովային հատվածը: Այս պահին չունենք նախագծի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տվյալները: Դա շատ սկզբնական փուլ է», - ասել է նա:

Կանյետեն նշել է, որ  իրականացման դեպքում նախագիծը քաղաքական հսկայական հետեւանքներ կունենա մասնավորապես այն պատճառով, որ  «կշրջանցի Ուկրաինան»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը կուսումնասիրի  «Հյուսիսային հոսք — 2» նախագծի վերաբերյալ Ուկրաինայի պահանջները:

«Հյուսիսային հոսք - 2» նախագիծը նախատեսում է Ռուսաստանից Գերմանիա` Բալթիկ ծովի հատակով ծովային գազամուղի երկու գծի շինարարություն ընդհանուր 55 մլրդ խորանարդ մետր հզորությամբ: