Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում բացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային 60-րդ նիստը, որը վարել է Ռուսաստանի առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովան: Բացման խոսքով հանդես է եկել ԱՀԿ գլխավոր նախագահ Մարգարետ Չանը:
Նիստին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նիստի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ պատվիրակությունը` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորությամբ:
Նույն օրը նախարար Քուշկյանը հանդիպում է ունեցել ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարար Տատյանա Գոլիկովայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ստորագրվել է ՌԴ առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարության եւ ՀՀ առողջապահության նախարարության միջեւ փոխըմբռնման Հուշագիր: Հուշագրի ստորագրմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:
Հարություն Քուշկյանը հանդիպում է ունեցել նաեւ անվանի բժիշկ, մանկաբույժ Լեոնիդ Ռոշալի հետ, այցելել մանկական անհետաձգելի վիրաբուժության եւ վնասվածքաբանության ինստիտուտի տարբեր բաժանմունքներ, ծանոթացել աշխատանքին:





























