Իսպանիան պատրաստակամություն է հայտնել երկարաձգելու Թուրքիայում իր ՀՕՊ  Patriot մարտկոցների գոյությունը, որոնք տեղադրվել են ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում Թուրքիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները մեծացնելու համար: Այդ մասին երեկոյան հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը պաշտպանության նախարարների փետրվարի 10-11-ին կայանալիք հանդիպման նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսին, տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը:

«Իսպանիան հաստատել է Թուրքիայում իր  Patriot մարտկոցների գոյությունը երկարաձգելու պատրաստակամությունը», -ասել է Սթոլթենբերգը:   

Սթոլթենբերգը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի այդ առաքելության շրջանակում ՆԱՏՕ-ն Թուրքիային օդային պարեկության լրացուցիչ հնարավորություններ է ընձեռել: 

Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ առաքելությունը, որը կազմված է հրթիռային  Patriot մարտկոցից, տեղակայվել է 2012 թվականին: Դրա ձեւական պատճառ է դարձել Սիրիայի տարածքից մի քանի հրետանային եւ ականանետային գնդակոծությունը, որոնց առիթով Անկարան հյուսիսատլանտյան խորհրդի հատուկ նիստ է հրավիրել: Այն փաստը, որ  Patriot համակարգերն ի վիճակի չեն որսալ հրետանային արկը, ոչ մեկին չի շփոթեցրել: Վերլուծաբանների գնահատականներով, ենթադրվում էր, որ այդ համակարգերը կօգտագործվեն Սիրիայում, Թուրքիայի սահմանների մոտ ոչ թռիչքային գոտու ստեղծման համար, եթե նման որոշում ընդունվեր: 

Ենթադրվում էր, որ Patriot համակարգերը Թուրքիայից դուրս կբերվեն  2015-ի օգոստոսին` նկատի ունենալով «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման ձեռքի տակ ավիացիայի բացակայությունը:   Սակայն նոյեմբերին թուրքական ավիացիայի կողմից ռուսական Սու- 24-ի խոցման միջադեպից հետո, որն իբր խախտել էր Թուրքիայի օդային տարածքը, ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել երկարաձգել Թուրքիայում ՀՕՊ առաքելությունը: