ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Գլենդել քաղաքում 53-ամյա Նազիկ Ղազարյանը կալանավորվել է հեծանվորդ կնոջը մեքենայով հարվածելու մեղադրանքով:

Քաղաքի ոստիկանության տվյալներով, տեղի ժամանակով 16.30-ի սահմաններում,  29-ամյա կինը հեծանիվ վարելիս է եղել Սան Ֆրանցիոսկոյի մայրուղիներից մեկում, երբ Նազիկ Ղազարյանն իր մեքենայով մեծ արագությամբ ընթացել է նրա կողքով եւ, հասնելով կնոջը, ղեկը թեքել նրա կողմը՝ վնասելով արմունկը:

«Կինը հայտարարել է, որ ինքը շոկի մեջ է եղել, սակայն վարորդը հետընթաց շարժումով նորից է հարվածել իրեն»,- նշել է Գլենդելի ոստիկանության մամուլի քարտուղար Թանի Լանթֆուդը՝ հավելելով, որ արդյունքում հեծանվորդը ճզմվել է Նազիկ Ղազարյանի եւ ճամփեզրին կայանված մեքենաների արանքում:

Տուժածը թեթեւ վնասվածք է ստացել եւ հրաժարվել է բժշկական օգնությունից:

Ղազարյանի ամուսինը, որը եղել է մեքենայում եւ պնդել, որ կույր է, ոստիկանությանը հայտնել է, որ կինը ոչինչ չի արել հեծանվորդին սադրելու համար:

Նազիկ Ղազարյանը կալանավորվել է մեքենայով հարձակում գործելու մեղադրանքով, ապա ազատ արձակվել 30 հազար դոլար գրավի դիմաց: