ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը դիմել է Վաշինգթոնին եւ պահանջել ավելացնել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ֆինանսական օգնության չափը, ինչպես նաեւ նպաստել հայ-ամերիկյան առևտրային կապերի ուժեղացմանը, հաղորում է asbarez.com-ը:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է 2017 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, որով առաջարկել է Հայաստանին որպես տնտեսական օգնություն հատկացնել 22.412.000 դոլար, ինչն անցած տարվա համեմատ 22 տոկոսով ավելի է։ Բյուջեի նոր նախագծով Ադրբեջանին կհատկացվի 10.936.000 դոլար։

Ռազմական օգնությանը վերաբերող տարատեսակ ծրագրերի շրջանակում Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկվել է հատկացնել հավասարաչափ գումար` 1.6-ական մլն դոլար: Նախագահի առաջարկով հավելյալ 1.7 մլն դոլար կհատկացվի Հայաստանին` թմրանյութերի տարածման դեմ պայքարի նպատակով։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափին, ապա ներկայացված փաստաթղթում որևէ հստակ թիվ չի նշվում: Այնուհանդերձ, Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն  Արամ Համբարյանը պահանջել է, որ ԼՂՀ-ին ԱՄՆ-ի կողմից տրամադրվի 5 մլն դոլար։

Աղբյուրը նկատում է, որ անցած մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ն միջինը 1.5 մլն դոլար է հատկացրել ԼՂ-ին:

Բացի դրանից՝ Հայ դատի հանձնախումբը պահանջում է Հայաստանին տրամադրվելիք տնտեսական օգնության չափը հասցնել 40 մլն դոլարի, ինչպես նաև 10 մլն դոլար հատկացնել Սիրիայից փախած և Հայաստանում ապաստան գտած 20 հազար անձանց օգնության համար:

Հայ դատի հանձնախումբն առաջարկում է Վրաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության առնվազն 10 տոկոսը հատկացնել Սամցխե-Ջավախք շրջանի զարգացմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատից եւ ներկայացուցիչների պալատից խնդրել է աջակցել ամերիկահայերի արտաքին օգնության այլ գերակա ուղղություններին, որոնց թվում.

Ադրբեջանին ԱՄՆ հատկացրած օգնության զրոյացում, քանի դեռ այդ երկրի նախագահը համաձայնություն չի տվել դիպուկահարներին եւ ծանր զինատեսակները հետ քաշելու մասին սենատորներ Ռոյսի եւ Էնգելի պայմաններին։