Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հարուստ եւ աղքատ մարդիկ սննդին տարբեր կերպ են մոտենում։ Նրանց անցկացրած հետազոտության մասին գրում է The Independent պարբերականը։
Մասնագետներն ուսումնասիրել են սեղանի մոտ հարուստների եւ աղքատների պահելաձեւը եւ արձանագրել, թե փորձին մասնակցող կամավորներից ով որքան է ուտում։
Աղքատ ընտանիքից ծագող մարդիկ ոչ միայն լրիվ կերել են իրենց բաժինը, այլ նաեւ շարունակել են ուտել անգամ կշտանալուց հետո։ Իսկ հարուստները ավելի հաճախ կերել են այնքան, որքան իրենց պետք է քաղցը հագեցնելու համար, փոխանցում է Informing-ը։
Պարզվում է, որ մարդիկ, որոնք փոքր հասակում թերսնուցում են ունեցել, մեծանալով շարունակում են «սեւ օրվա» համար պաշար կուտակել՝ ուտելով հնարավորինս շատ, ինչը հանգեցնում է ավելորդ քաշի։
Իսկ մանուկ ժամանակ ուտելիքի պակաս չունեցող երեխաները մեծանալով ավելի գրագետ են կազմակերպում իրենց սննդակարգը եւ որպես կանոն՝ նման խնդիրներ չեն ունենում։





























