Մարդու ուղեղը գրավում են այն իրերը, որոնց համար նա ժամանակին պարգեւատրվել է, անգամ եթե դա հիմա այլեւս այդպես չէ: Նման կարծիք են հայտնել ամերիկացի գիտնականները: Փորձի մասնակիցներին խնդրել են գույնզգույն պատկերներով լի համակարգչի էկրանի վրա գտնել կարմիր եւ կանաչ օբյեկտները: Կարմիր առարկայի համար 1.50 դոլար են տվել, իսկ կանաչի համար՝ 25 ցենտ:

Հաջորդ օրը մասնակիցների ուղեղները սքանավորել են՝ միեւնույն ժամանակ նրանց առաջարկելով էկրանի վրա գտնել կոնկրետ պատկերներ: Այս անգամ պարգեւատրում չի եղել, եւ գույնը նշանակություն չի ունեցել: Սակայն երբ էկրանին հայտնվել  է կարմիր առարկա, փորձի մասնակիցներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են դրա վրա, իսկ ուղեղում մեծացել է դոֆամինի քանակը, փոխանցում է  Planet-today-ը:

«Նրանք պարգեւ չեն ստանում, բայց ուղեղի մի մասն ասում է, որ դրա դիմաց հնարավոր է պարգեւ ստանալ, ուստի արժի ուշադրություն դարձնել դրան»,- ասել է Ջոն Հոփքինսի անվան համալսարանի նեյրոկենսաբան Սյուզան Մ. Քորթնին, որը հետազոտության համահեղինակներից է: