ԵՏՄ անդամակցության անցումային դրույթներով Հայաստանն իրավունք ունի ԵՏՄ երկրներից ապրանքներ ներմուծելիս ավելացված արժեքի հարկ գանձել եւ այդ իրավունքը պահպանելու է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը` պատասխանելով հարցին, թե ըստ լուրերի` թերացումներ են եղել ավտոմեքենաներ ներկրելու հարցում, խնդիր է առաջացել հարկատեսակի կիրառման հետ:
«Պաշտոնապես հայտարարում եմ` այստեղ որեւէ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի շահերից ելնելով, իրավական տողին, տառին համապատասխան»,- ասել է Ալավերդյանը:
«Մենք ինչ ենք արել. երրորդ երկրներից ավտոմեքենաները ներմուծվում էին, նախորդ տարի 44-45 միլիարդ դրամի փոխարեն ներմուծվել է 22 միլիարդի, արդյունքում շուրջ 20 միլիարդից ավելի գումար կորցրեցինք, պատճառներից մեկն էլ այն էր, որ ավտոմեքենաների մի մասը երրորդ երկրներից չներմուծվեցին, ներմուծվեցին պարզապես Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ ԵՏՄ երկրներից Հայաստան ապրանքներ ներմուծելիս սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, բայց գանձվում է ԱԱՀ: Այն տարբերությամբ, որ եթե Գերմանիայից ներմուծվում է եւ այս պահին այդ գումարը գանձվում է տասն օրվա ընթացքում, ապա երբ ավտոմեքենան ներմուծվում է ՌԴ-ից, գումարը կարող է վճարվել ներմուծման ամսվան հաջորդող ամսի 20-ը ու ԱԱՀ-ն»,-նշել է փոխնախարարը:
Հարցին, թե ԵՏՄ տարածքում ինչո՞ւ է գանձվում ԱԱՀ, Արմեն Ալավերդյանը պատասխանել է. «Անցումային դրույթներով մենք այդ իրավունքն ունենք եւ այն պահպանելու ենք: Դա մեր եկամտային կարեւորագույն հոդվածներից մեկն է, եթե նայենք ԵՏՄ-ի օրենսդրությունը, ապա կարգավորումների մեջ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի խախտում չի արել»:
Նշենք, որ փետրվարի 8-ին ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան հայտատարել էր, որ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաների համար քաղաքացիներից չպետք է ավելացված արժեքի հարկ գանձվեր:





























