Գերմանիայում միգրանտների կատարած հանցագործությունների թիվը 2015թ. գրեթե կրկնակի աճել է։ Հանցագործությունների մեծ մասը կատարել են Սիրիայի, Ալբանիայի եւ Կոսովոյի քաղաքացիները։ Այս մասին ասված է Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության զեկույցում։

Միգրանտների մասնակցությամբ հանցագործությունների հետաքննության դեպքերը 2015թ. մեծապես շատացել են։ Ընդհանուր առմամբ գրանցվել է 208 344 հանցագործություն, ինչը 79 տոկոսով ավելի շատ է, քան 2014թ., փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով BILD-ը։

Հիմնական հանցագործությունների թվում են կողոպուտը (33 տոկոս), յուրացումը եւ խարդախությունը։ Իսկ ծանր հանցագործությունների (սպանություն, ավազակային հարձակում եւ դրամաշորթություն) թիվը 2014թ. հետ համեմատ կրկնակի աճել է՝ 18 տոկոս։

Զեկույցի համաձայն՝ ավելի հաճախ իրավախախտումներով աչքի են ընկնում սիրիացիները՝ 24 տոկոս, ալբանացիները՝ 17 տոկոս, Կոսովոյի քաղաքացիների՝ 14 տոկոս, սերբերն ու աֆղանները՝ 11 տոկոս։