ՕՊԵԿ անդամ երկրների եւ Ռուսաստանի ընդունած՝ նավթի արդյունահանման ծավալների սառեցման մասին որոշումը կրճատում չէ եւ մեծ հաշվով անիմաստ է, գրում է Forbes-ը։

Պարբերականը ենթադրում է, որ իրականում այդ համաձայնությունն իրենից դատարկ եւ ցինիկ ժեստ է ներկայացնում։ Ամենայն հավանականությամբ այն իրոք կհանգեցնի գների հերթական «կեղծ» աճին, բայց երկար չի տեւի։ ՕՊԵԿ եկամուտների աճը նույնպես ժամանակավոր բնույթ է կրելու։

Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ Նաիմին հայտնել է, որ նավթի արդյունահանման ծավալները հունվարի մակարդակի վրա սառեցնելը հնարավոր է, եւ դա նախնական որոշում է՝ նկատի ունենալով, որ էական փոփոխություն տեղի չի ունենա, քանի դեռ այդ համաձայնությանը չեն միացել մյուս երկրները։ Դեռեւս դրան մասնակցում են Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Վենեսուելան եւ Կատարը։

Տեսաբանն ընդգծում է, որ շատ կարեւոր է, որ Ռուսաստանը պաշտպանել է սառեցման մասին որոշումը։ Սակայն էլ ավելի կարեւոր է այն, որ դրան չեն մասնակցում Իրաքը, որը ՕՊԵԿ-ում արդյունահանման ամենամեծ ծավալներն ունի, եւ Իրանը, որի արտահանման վերականգնումը ՕՊԵԿ անդամ երկրների շրջանում առավելագույն աճ կապահովի, փոխանցում է Gazeta-ն։