Քեմբրիջի դքսուհի Քեթրինը եւ ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման The Huffington Post UK-ի համար հոդվածներ են գրել հոգեկան առողջության մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քեթրինն առցանց պարբերականում հրավիրված խմբագիր է աշխատում: Ուիլյամ արքայազնի կինն այդ եղանակով ցանկանում է ուշադրություն հրավիրել երեխաների հոգեկան առողջության հարցերի վրա:
Դքսուհին իր հոդվածում պատմել է Young Minds Matter նախաձեռնության մասին: Ինչպես նշել է նախկին միսս Միդլթոնը, շատ երեխաներ, այդ թվում նաեւ` հինգ տարեկանից փոքր, բարդ խնդիրների են բախվում` չունենալով հոգեկան կայունություն, արտահայտվելու կարողություն կամ էլ ինքնավստահություն` օգնություն խնդրելու, գրում է Gazeta-ն:
Քեթրինի խոսքով, հոգեկան առողջության հարցերն առաջվա պես տաբու են համարվում, եւ չափահասները հաճախ չափից ավելի են վախենում իրենց երեխաների համար օգնություն խնդրել: «Եկել է դա փոխելու ժամանակը», – հայտնել է դքսուհին: «Ինչպես եւ ներկայիս ծնողների մեծամասնությունը, ես եւ Ուիլյամն առանց երկմտելու օգնություն կխնդրեինք մեր երեխաների համար, եթե նրանք ունենային դրա կարիքը», – ընդգծել է Քեթրինը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կինն իր հոդվածում գովել է դքսուհուն նրա համար, որ The Huffington Post UK-ում իր սյունակն օգտագործում է հոգեկան առողջության խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար, հատկապես` երեխաների: Նա նաեւ հիշեցրել է, որ ավելի քան 40 մլն ամերիկացի տառապում է ախտորոշվող հոգեկան խանգարումներից, օրինակ` դեպրեսիայից: ԱՄՆ-ի առաջին տիկնոջ խոսքով, անհրաժեշտ է «ընդունել, որ մեր հոգեկան առողջությունը նույնքան կարեւոր է, որքան ֆիզիկականը» եւ սկսել համապատասխան վերաբերվել դրան:





























