Եվրասիական տնտեսական հանձնաժողովում կայացել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի եւ Արդյունաբերողների ու ձեռներեցների միջազգային կոնգրեսի ղեկավարների, Խորհրդի ղեկավար Վասիլի Տարլեւի եւ նախագահ Վիկտոր Գլուխիխի հանդիպումը, հայտնում է ԵՏՀ կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՏՀ-ի եւ Արդյունաբերողների ու ձեռներեցների միջազգային կոնգրեսի համագործակցության  հարցերը՝ ԵՏՄ երկրների տնտեսության զարգացման նպատակով։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է Արդյունաբերողների ու ձեռներեցների միջազգային կոնգրեսի հետ գործնական շփումներ հաստատելու կարեւորությունը։

«Հանձնաժողովի գործունեությունն ուղղված է կարգավորիչ համակարգերի կատարելագործմանը, վարչական արգելքների կրճատմանը։ Այդ նպատակով ԵՏՀ-ն համակարգային երկխոսություն է վարում ազգային բիզնես ընկերությունների հետ բոլոր կարեւոր հարցերով։ Հանձնաժողովն ապահովում է որոշումների թափանցիկությունն ու արդարությունը։ Այդ պատճառով բոլոր կարգավորիչ ակտերը  քննարկվում են բիզնեսի մակարդակով»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը նաեւ նշել է, որ ԵՏՄ երկրների առաջ իրենց արդյունաբերական ներուժը միավորելու խնդիր է դրված, որի նպատակն է համատեղ արտադրանք արտադրել եւ արտահանել երրորդ երկրներ։

Հանդիպման ավարտին որոշում է կայացվել այն մասին, որ Արդյունաբերողների ու ձեռներեցների միջազգային կոնգրեսը ԵՏՄ-ում տնտեսական ինտեգրացիոն գործընթացների խթանման համար կսահմանի գերակա խնդիրները եւ Հանձնաժողովին առաջարկներ կներկայացնի կոնկրետ նախագծերի շուրջ, որոնց նկատմամաբ համատեղ բիզնես վարելու հետաքրքրություն կա։