Վրացական իշխանությունները որոշել են սեփական երկրի տարածքներն ընդլայնել Հայաստանի Շիրակի մարզի հաշվին, եւ վրացի սահմանապահները ժամանակ առ ժամանակ գրավում են հայկական հողերը:

«Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, հայ-վրացական սահմանի Շիրակի մասի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ են եկել, մտել հայկական տարածքներ եւ հայ գյուղացիներին արգելում են մշակել հողը: Գյուղացիները ունեն այդ հողերի սեփականության իրավունքի վկայականներ եւ համապատասխան քարտեզներ, սակայն վրացի սահմանապահները արհամարհում են այդ փաստաթղթերը՝ պնդելով, թե հայ-վրացական սահմանի դեռեւս չհստակեցրած հատվածները պետք է ձեւավորվեն: Ներկայումս խնդիրը բավականին սրված է Բավրա գյուղի շրջանում: Բավրայի գյուղապետ Կորյուն Սումբուլյանն օրաթերթին հայտնել է, որ գյուղացիներն այժմ զրկված են սեփական մոտ 3 կմ երկարությամբ եւ 408 մետր լայնությամբ հողատարածքները մտնելու հնարավորությունից:

Ի դեպ, խնդիրն անուշադրության է մատնվում ՀՀ ԱԳՆ-ում գործող հայ-վրացական դեմարկացիոն հանձնաժողովում, որտեղ գյուղապետին ոչինչ չասող պատասխան են տվել, իսկ տարածքային կառավարման նախարարությունից ասել են՝ այդ հողերը ձերն են, տնօրինեք ինչպես կամենում եք, բայց վրացական սահմանապահ զորքը շարունակում է խոչընդոտել, իսկ հայ սահմանապահները լռություն են դրսեւորում:

Ընդ որում, վրացական կողմը հայտարարել է, որ իբր գոյություն ունի 1947 թվականի մի պայմանագիր, համաձայն որի՝ նշյալ տարածքը պատկանում է Վրաստանին: Ու մինչ գյուղացիները ապարդյուն փորձում են պաշտպանել իրենց սեփականության իրավունքը՝ հարցը բավականին սահուն վերաճում է միջպետական լրջագույն խնդրի: Որոշ քաղաքագետների կարծիքով, երկու պետությունների նորագույն պատմության շրջանի առաջին 20-ամյակում այդպես էլ չկարգավորված միջպետական հարաբերություններն այժմ սրացման փուլում են: