Bridgewater ներդրումային հիմնադրամի հիմնադիր եւ կառավարիչ Ռեյ Դալիոն կարծում է, որ տնտեսության խթանման համար կենտրոնական բանկերը շուտով ստիպված կլինեն դիմել «ուղղաթիռային փողի» քաղաքականությանը, այսինքն փողն ուղղակիորեն տնային տնտեսություններին բաժանելուն: 

Ամերիկացի միլիարդատեր Ռեյ Դալիոն, որն աշխարհում հեջ-հիմնադրամների ամենհաջողակ կառավարիչն է համարվում, հայտնել է արմատական դրամային քաղաքականության նոր ժամանակաշրջանի մոտենալու մասին, որի տարր կդառնա գուցե «ուղղաթիռային փողը», նշում է Financial Times-ը: Ներդրողը պնդում է, որ կենտրոնական բանկերն ի վիճակի չեն տնտեսության աշխուժացման հասնել ընթացիկ մեթոդների օգտագործմամբ:  

Իր հաճախորդների համար գրության մեջ Դալիոն ասել է, որ այնպիսի միջոցները, ինչպիսիք են առանցքային դրույքի նվազեցումը, քանակական մեղմումը եւ բացասական տոկոսադրույքները, իրենց սպառել են:  «Չնայած քանակական մեղմումը թեթեւորեն կմեծացնի ակտիվների արժեքը, ներդրողներն այնուամենայնիվ հակված կլինեն կուտակման, վարկատուները միեւնույն է` զգույշ կմնան եւ զգույշ վարկ վերցնողները միեւնույն է` այդպիսին կմնան, այնպես որ, մենք առաջվա նման կփորձենք  «խցկել անխցկելին» », — գրել է նա` նկատի ունենալով այն իրավիճակը, երբ դրամական քաղաքականությունը չի հանգեցնում սպառողական ծախսերի եւ ներդրումների աճի: 

Դալիոյի կարծիքով, արդյունքում կենտրոնական բանկերը դրույքների կրճատումից եւ քանակական մեղմումից հետո ստիպված կլինեն անցնել դրամական քաղաքականության երրորդ փուլին, որը եկամտի ուղղակի խթանումն է: Ներդրողը ճշտել է, որ այդ փուլում կենտրոնական բանկերը կսկսեն ուղղակիորեն էլեկտրոնային փողի օգնությամբ ֆինանսավորել պետական ծախսերը եւ փողն ուղարկել անմիջապես տնային տնտեսություններին, ինչը տնտեսագետ Միլթոն Ֆրիդմանը կոչել է  «ուղղաթիռներով փող բաժանել», տեղեկացնում է RBK-ն: 

«Ուղղաթիռային փող» արտահայտությունը վերագրում են տնտեսագիտությունից Նոբելյան մրցանակակիր, մոնետարիզմի տեսության հիմնադիր եւ Չիկագոյի դպրոցի աչքի ընկնող ներկայացուցիչ Միլթոն Ֆրիդմանին, որը 1969-ի իր «Փողի օպտիմալ քանակություն» աշխատանքում պահանջարկի խթանման համար ուղղաթիռներից թղթադրամներ նետելու հիպոթետիկ օրինակն է բերել: 

Ֆրիդմանի գաղափարի իմաստն այն է, որ ինֆլյացիան մինչեւ նպատակային ցուցանիշներ իջեցնելու եւ տնտեսական ակտիվությունը խթանելու ամենապարզ միջոցը տնային տնտեսություններին ուղղակի փոխանցումներն են, որոնք, նկատելով փողի քանակի ավելացումը, կսկսեն ավելի ազատորեն ծախսել: 

Ռեյ Դալիոն Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 29-րդ տեղն է զբաղեցնում  15,6 մլրդ կարողությամբ: 2015-ին Bloomberg-ը նրան ներառել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակի 18-րդ տեղում, իսկ Financial Times-ը նրան հեջ-հիմնադրամի ամենահաջողակ կառավարիչ է ճանաչել:   Bridgewater-ը աշխարհի ամենախոշոր հեջ-հիմնադրամն է եւ 169 մլրդ դոլարի ակտիվներ է կառավարում: