Հնդկաստանի Հարյանի նահանգում ոստիկանության եւ ցուցարարների բախման հետեւանքով չորս մարդ զոհվել է, ինը լուրջ վնասվածքներ է ստացել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով India Today հեռուստաալիքին:
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի եւ ինը վիրավորի մասին:
Իշխանությունները կարգադրել են առավել անհանգիստ` Ռոհտակի եւ Բհիվանիի շրջաններում պարետային ժամ մտցնել եւ կրակել առանց զգուշացման: Այդ շրջաններում, ինչպես նաեւ Հիսարում, Ջինդում, Սոնիպատում, Պանապիտում, Ջաջարում եւ Կաիտհալեում բանակային ստորաբաժանումներ են տեղակայվել: Զինվորականները ստիպված են եղել ուղղաթիռներով հասնել որոշ շրջաններ, որովհետեւ ցուցարարները փակել էին ճանապարհները:
Ռոհտակի եւ Ջաջարի շրջաններում անկարգությունները սկսվեցին հինգշաբթի երեկոյան, երբ պետական հաստատություններում աշխատատեղերի քվոտաների ավելացում եւ բուհերում տեղեր պահանջող ջաթերը (էթնիկ խումբ, որը հիմնականում սիկհականություն է դավանում) արգելափակեցին մի քանի ավտոճանապարհ եւ բարիկադներ կառուցեցին: Չնայած այն բանին, որ նահանգի կառավարությունը ցուցարարներին զիջումներ արեց, ջաթերը շարունակեցին ցույցերը:
Ցուցարարները նաեւ մի գրասենյակ, ավտոբուսներ եւ երեք դպրոց կրակի տվեցին Ռոհտակի շրջանում: Ցուցարարները փակել են Նյու Դելիի մոտակայքում գտնվող Գուրգաոն քաղաքի հիմնական ճանապարհները, միջոցներ են ձեռք առնվում մայրաքաղաք նրանց մուտքը թույլ չտալու ուղղությամբ: Ջաթերը նաեւ երկաթուղային կայարան են այրել Ջինդիի շրջանում:



























