Թուրքիան այլեւս ուժեղ տարածաշրջանային գերտերություն չէ, ինչպիսին էր 5 տարի առաջ: Դրա պատճառներից մեկը նրա միջամտությունն է Սիրիայի հակամարտությանը, գրում է Time ամսագիրը:
Հիմա Թուրքիան ստիպված է պայքարել լուրջ դժվարությունների դեմ: Անկարան Սիրիայում ռազմական արշավ է մղում, բայց միաժամանակ գնում է միջազգային հանրության արձագանքին եւ ներքին մարտահրավերներին բախվելու ռիսկին: Կարելի է առանձնացնել 5 ակնբախ փաստ, որոնք վկայում են, որ Թուրքիան խնդիրներ ունի, ասված է հոդվածում, փոխանցում է RIA Novosti-ն:
Առաջին հերթին՝ երկիրը Սիրիայից Եվրոպա անցնող փախստականների ճգնաժամի էպիկենտրոնում է: Այս պահին Թուրքիայում 2,6 մլն միգրանտ կա: Այդ խնդիրների լուծման համար ծախսած 8.5 մլրդ դոլարը ուժեղ հարված էր Թուրքիայի տնտեսական բարօրությանը: Բնականաբար Անկարան չի հրաժարվել Եվրամիության առաջարկած 3 մլրդ դոլարից, սակայն դա խնդրի ժամանակավոր լուծում է:
Երկրորդ՝ Թուրքիան մասնակցում է Սիրիայի պատերազմին: Սիրիայում Անկարայի գլխավոր նպատակներից մեկը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելուց բացի, քրդերի դեմ պայքարն է: ԻՊ-ի դեմ պայքարում նրանց գրանցած հաջողությունները վախեցնում են Էրդողանին: Ամենից շատ Թուրքիայի նախագահը վախենում է, որ իր վաղեմի հակառակորդները կարող են ինքնավարություն ստեղծել թուրք-սիրիական սահմանին:
Երրորդ՝ Թուրքիան քրդերի դեմ պատերազմ է մղում երկրի ներսում: Այն բանից հետո, երբ այս շաբաթ Անկարայում, իսկ հետո՝ Դիարբեքիրում ահաբեկչություններ տեղի ունեցան, Էրդողանը շտապեց մեղադրել Սիրիայի քրդերին, որոնք գործել են Թուրքիայի քրդերի օգնությամբ: Դեռեւս հետաքննություն է ընթանում, սակայն պարզ է մի բան, որ վերջին տարում Թուրքիայում ահաբեկչական ակտերը կրկնվում են տագնապալի հաճախականությամբ: Վերջին 7 ամսում սպանվել է 150 մարդ, հիշեցնում է պարբերականը:
Չորրորդ՝ ահաբեկչական հարձակումները կարող են ազդել Էրդողանի քաղաքական դիրքորոշման եւ նրա Արդարություն եւ զարգացում կուսակցության վրա:
Հինգերորդ՝ Սիրիայի ճգնաժամը սրել է Անկարայի արտաքին քաղաքական խնդիրները: Այն բանից հետո, երբ թուրք զինվորականները խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը, Մոսկվայի հետ նրա հարաբերությունները լարվել են: ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտահոգվում են, որ Թուրքիան կարող է իրենց ներքաշել Ռուսաստանի հետ անմիջական առճակատման մեջ: Բացի այդ, Թուրքիան քրդերի դիրքերի ռմբակոծություններով փչացրել է հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որն աջակցում է քրդերին ԻՊ-ի դեմ պայքարում, գրում է Time-ը:





























