ԳԴՀ-ի կառավարությունը պատրաստվում է քաղաքացիական ավիացիայի օդաչուների համար արյան մեջ ալկոհոլի, թմրանյութի եւ դեղերի առկայության արտահերթ ստուգումներ կազմակերպել, շաբաթ հայտնել է գերմանական  Süddeutsche Zeitung թերթը` վկայակոչելով իշխող կոալիցիայում աղբյուրին: 

Պարբերականի տեղեկությունների համաձայն, ԳԴՀ-ի կառավարությունում կոալիցիոն կուսակցությունները պայմանավորվել են համապատասխան օրենսդրական փոփոխությունների մասին: Տվյալ միջոցները մարտին Germanwings ընկերության ինքնաթիռի աղմկալի ավիաաղետի հետեւանքն են, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նոր նախաձեռնության համաձայն, գործատուները պարտավոր կլինեն թռիչքային անձնակազմի ստուգումներ անցկացնել, մասնավորապես պարզելու, թե օդաչուներն արդյոք չեն օգտագործում դեղեր, ալկոհոլ կամ   «հոգեկանի վրա ազդող այլ նյութեր»  «մասնագիտական պարտականությունները կատարելու մասնակի կամ ամբողջական անկարողության» վերաբերյալ կասկածի դեպքում,  գրում է թերթը:

Մարտի վերջին գերմանական Germanwings ավիաընկերության Airbus A320-ը, որը Բարսելոնից Դյուսելդորֆ էր թռչում, կործանվել էր Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները` 150 մարդ, զոհվել էին: Հայտնաբերված «սեւ արկղերի» ձայնագրությունը մատնանշում է, որ աղետը երկրորդ օդաչուի` Գերմանիայի քաղաքացի Անդրեաս Լուբիտցի դիտավորյալ գործողությունների արդյունքն է դարձել, վերջինս հոգեմետ հզոր դեղամիջոցներ էր ընդունում: