ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում կարծիք է հայտնել, թե ամերիկյան ռումբերի տարափի տակ Սերբիայի դիվանագետների մահվան ֆոնին այդ երկիրը ՆԱՏՕ-ում ներգրավելը Սերբիայի համար ստորացուցիչ է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դա այն բանի ֆոնին, թե ինչպես է Արեւմուտքը աստիճանաբար Սերբիային քաշում դեպի ՆԱՏՕ։ Նրանց, մասնավորապես Չեռնոգորիային,  ասում են, թե դուք պետք է ՆԱՏՕ-ում լինեք, որովհետեւ մենք ձեզ կպաշտպանենք։ Նույն բանն էլ ասում են Սերբիային։ Ինչպե՞ս դուք կարող եք պաշտպանել այդ երկիրը, երբ իմանալով, որ մարդկանց պատանդ են վերցրել, ռմբակոծում եք նրանց։ Ի՞նչ անվտանգության մասին է խոսքը»,- ասել է նա։

Զախարովան  կարծում է, որ դա ստորացման հատուկ ձեւ է, այսպես կոչված, «Ստոկհոլմյան համախտանիշ», այսինքն, երբ իրենց զոհերին ստիպում են սիրել իրենց եւ հրապարակավ խոստովանել, որ նրանք ուզում են միանալ իրենց։

Հիշեցնենք, որ Լիբիայում Սերիբիայի դեսպանատան աշխատակիցները, գերի ընկնելով ԻՊ գրոհայիններին, զոհվել էին ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի ավիահարվածներից: