Բրիտանական 100 խոշոր ընկերությունների մոտ կեսի ղեկավարները աջակցություն կհայտնեն Եվրամիությունում երկրի անդամակցությունը պահպանելուն եւ կպաշտպանեն վարչապետ Դեւիդ Քեմերոնին, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Financial Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ 100 խոշորագույն ընկերությունները որոշվել են Լոնդոնի FTSE 100 բորսայում նրանց գլխավոր ինդեքսը սահմանելու գնանշումներով։ Այդ ընկերությունները փետրվարի 23-ին պետք է համատեղ նամակ հրապարակեն, որում կհայտարարեն, որ Մեծ Բրիտանիան ավելի ուժեղ, անվտանգ ու ապահով է լինելու բարեփոխված Եվրամիությունում։
Դրանց թվում են BP եւ Shell նավթային ընկերությունները, Rio Tinto լեռնահանքային ընկերությունը եւ Vodafone ու BT հեռահաղորդակցման ընկերությունները։ Քեմերոնին աջակցել է նաեւ BAE Systems ռազմաարդյունաբերական ընկերությունը։ Նամակի տակ կստորագրեն պակաս խոշոր, սակայն Բրիտանիայի համար կարեւոր ընկերությունները։
Tesco եւ Sainsbury մանրածախ առեւտրի հսկաները որոշել են ձեռնպահ մնալ հաճախորդներին կորցնելու վտանգի պատճառով։ Այնուամենայնիվ Virgin ընկերությունն ու HSBC բանկը հավանաբար կստորագրեն վարչապետին աջակցող նամակը։





























