Լեհական Ազգային հիշողության ինստիտուտը Լեհաստանի նախկին նախագահ, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսային վերաբերող նյութեր է հրապարակել, տեղեկացնում է   «Ռադիո Լեհաստանը»: 

Թղթապանակը, որում փաստաթղթերը վերաբերում են Բոլեկ կեղծանունով հանդես եկող աշխատակցին եւ ստորագրված են Վալենսայի կողմից, լրագրողների համար հասանելի է դարձել արխիվի ընթերցարանում: 

Նյութերը համագործակցության պարտավորություն են պարունակում եւ ստորագրված են Վալենսայի կողմից: 

«Պարտավորություն: Ես` ներքոստորագրյալ Վալենսա Լեխս, Բոլեսլավի եւ Ֆելիքսայի որդին, ծնված 1943-ին` Պոպովում, Լիպնոյի  պովետում, պարտավորվում եմ գաղտնի պահել զրույցների պարունակությունը, որ ինձ հետ ունեցել են անվտանգության ծառայությունների աշխատակիցները:  Միաժամանակ պարտավորվում եմ անվտանգության ծառայության հետ համագործակցել ԼԺՀ-ի թշնամիների բացահայտման եւ նրանց դեմ պայքարի ուղղությամբ: Պարտավորվում եմ տեղեկությունները փոխանցել գրավոր, եւ դրանք ճշմարտացի կլինեն: Անվտանգության ծառայության հետ համագործակցության փաստը պարտավորվում եմ գաղտնի պահել եւ չբացահայտել նույնիսկ ընտանիքիս առաջ: Տեղեկությունը կփոխանցեմ Բոլեկ կեղծանունով: Լեխ Վալենսա Բոլեկ», — ասված է փաստաթղթում: