Փոքր բիզնեսը պետք է ժամանակին հայտնի իր խնդիրների մասին: Հայաստանում անցկացվող EU4Business Week համաժողովի բացմանն այս մասին հայտարարեց Փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը:

Բիզնեսը ոչ միշտ է վստահում այդպիսի կառույցներին, երբեմն կարելի է նույնիսկ այսպիսի հարց լսել. «Իսկ դուք ո՞ր կուսակցությունից եք: Արդյունքում օրինագծերը քննարկվում են հետին թվով, երբ ստիպված են լինում իրենց մաշկի վրա զգալ դրանք: Այդ ժամանակ բիզնեսը դուրս է գալիս փողոց, բայց դա չի երաշխավորում, որ լուծումներ կգտնվեն»,- հավելեց Ավագյանը:

Իհարկե, ոչ բոլոր այդպիսի կազմակերպություններն են կանոնավոր եւ բավականաչափ ակտիվ աշխատել: Ամեն դեպքում, բիզնեսի համար ավելի արդյունավետ է խնդիրների մասին բարձրաձայնել որեւէ կազմակերպության միջոցով:

«Ցավոք, բիզնեսի աջակցման համար վարչապետին եւ մի շարք նախարարներին առընթեր ստեղծված խորհուրդները ոչ միշտ են ժամանակին գումարվում: Խնդիրները հետաձգվում եւ կուտակվում են: Մենք սիրում ենք մեզ համեմատել եվրոպական երկրների հետ: Բայց այնտեղ այդ ճանապարհը վաղուց են անցել: Այնտեղ պալատներն ու բիզնեսին առնչվող կազմակերպությունները տնտեսական քաղաքականության լուրջ հակակշիռ են»,- նկատեց նա:

Ներկայում ՓՄՁ-ի համագործակցության ասոցիացիան աշխատում է Փոքր եւ միջին բիզնեսի եվրոպական կազմակերության (UEAPME) ասոցացված անդամ դառնալու ուղղությամբ:

EU4Business Week համաժողովն անցկացվում է Հայաստանի Փոքր եւ միջին բիզնեսի համագործակցության ասոցիացիայի, Փոքր եւ միջին բիզնեսի եվրոպական կազմակերպության (UEAPME), Եվրոպական առեւտրա-արդյունաբերական պալատների ասոցիացիայի (Eurochambres) աջակցությամբ: