Գերմանիայի Բունդեսթագը փետրվարի 25-ի իր օրակարգում ներառել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող հարց, որի քննարկման առաջարկով հանդես է եկել «Միություն 90/Կանաչներ» կուսակցությունը:
Փետրվարի 25-ին` օրվա երկրորդ կեսին`Բեռլինի ժամանակով 15։45-ին, քաղաքական այդ ուժը հանդես է գալու զեկույցով, որի ներկայացման եւ քննարկման համար նախատեսված է 45 րոպե: Ինչպիսի՞ քննարկում է փետրվարի 25-ին սպասվում Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, ի՞նչ փաստաթուղթ է շրջանառվում:
«Ռադիոլուր»-ի հետ բացառիկ զրույցում Գերմանիայի Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը մանրամասնել է՝ խոսքը գնում է ոչ թե պարզապես հիշատակման արարողության, այլ՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի նախագծի ներկայացման եւ դրա շուրջ քննարկման մասին:
Առաջին ընթերցման թեմա է «Կանաչների» հայտարարությունը, որում 1915-ի իրադարձությունները հստակ ձեւակերպվում են որպես Ցեղասպանություն: «Հուսով եմ` մեզ ՝ ընդդիմությանն ու կառավարությանը կհաջողվի խորհրդարանում ընդհանուր հայտարարի գալ 100 տարի առաջ իրագործված Ցեղասպանության վերաբերյալ: Դա շատ կարեւոր ազդակ կլինի Ցեղասպանության 100-րդ տարելիցին` այն իրագործողների իրավահաջորդների համար: Պետք է առաջին հերթին շեշտել` դա Ցեղասպանություն էր, երկրորդ` Գերմանիան դրան մեղսակից էր, երրորդ` մենք ամեն ինչ պետք է անենք, որ հայ-թուրքական սահմանը բացվի»։
Կանաչների կուսակցությունը ձեռնամուխ է եղել, որպեսզի քննարկմանն անմիջապես հաջորդի քվեարկությունը: «Սակայն դեռ հարց է, արդյո՞ք իշխող կոալիցիայում ունեն այդպիսի տրամադրություն: Եթե ոչ, հինգշաբթի տեղի կունենա միայն քննարկում եւ ոչ քվեարկություն: Այդ դեպքում բանաձեւը կրկին կուղարկվի հանձնաժողովներ` քննարկման, որտեղ դրան նույն ճակատագիրն է սպասում, ինչ 2015-ի ապրիլի 24-ին ներկայացվածին` երկար «դրված մնալ», քանի որ կոալիցիան հետաքրքրված չէ թեմայի վերաբարձրացմամբ»,- մանրամասնել է Բունդեսթագի «Կանաչներ» կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը:
Իսկ առաջիկա քննարկմանը` փետրվարի 25-ին, Կանաչները ներկայացնում են բանաձեւի նախագիծ` կրկին Ցեղասպանության եզրի կիրառմամբ: «Կարծում եմ` կառավարությանը դժվար կլինի երկար դիմադրել: Հայկական կողմն էլ պետք է ավելի ակտիվ աշխատի` նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին ավելի հաճախ բարձրաձայնելով: Եթե սեփական խղճին հետեւեն՝ մեր բանաձեւը մեծամասնության կողմից կընդունվի: Այս ապրիլի 24-ին եւս Գերմանիայում լինելու են Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցելու եմ ես անձամբ` իմ կուսակիցների եւ առաջադեմ հասարակության ներկայացուցիչների հետ»։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում





























