«Fitch Rating» կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշի 1 տոկոս ցածրացումը լրացուցիչ ռիսկեր չի առաջացնի եւ չի ազդի երկրի վարկունակության վրա: Այդ մասին այսօր Դիլիջանում «Միասին 2009» համահայկական կրթական երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ «Banks.am» կայքի՝ վարչապետն ասել է, որ այդ գործոնը կարող է բացասական ազդեցություն ունենալ մասնավոր հատվածի վրա եւ բարդացնել օտարերկրյա ներդրողներից վարկեր ներգրավելու գործընթացը: Նրա խոսքերով, արդյունքում ձեռնարկատերերը կսկսեն ավելի թանկ միջոցներ ներգրավել:

Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Fitch-ի վարկանիշներն իջել են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, իսկ Հայաստանի վարկանիշի իջեցումը պայմանավորված էր նաեւ դոլարիզացիայի բարձր մակարդակով եւ շինարարության ծավալների կրճատմամբ:

Վարչապետն ասել է, որ Հայաստանը նոր վարկերի կարիք չունի, քանի որ բոլորովին վերջերս երկրի ղեկավարությունը արտոնյալ պայմաններով ներգրավել է երկարաժամկետ միջոցներ:

Հիշեցնենք, որ «Fitch Rating» կազմակերպությունն իջեցրել էր Հայաստանի վարկանիշը «BB»-ից «BB»-ի, ինչը նշանակում է դիրքերի լուրջ անկում:

«Fitch»-ի կանխատեսմամբ՝ 2009թ. ՀՆԱ-ն կնվազի 15 տոկոսով: Դա 3-րդ ամենավատ արդյունքն է, ինչը նաեւ ապացուցում է տնտեսության խոցելիությունը, անբավարար չափն ու նեղ բազան, նաեւ դրսում աշխատող քաղաքացիների ուղարկած գումարներից ունեցած կախվածությունը: