Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին ԵՄ-ի հաջորդ գագաթնաժողովին իր հետ 27 DVD սկավառակ կտանի ներգաղթյալների խնդրի վերաբերյալ Ջանֆրանկո Ռոզիի` Բեռլինի վերջին կինոփառատոնին հաղթած «Կրակ ծովում» (Fuocoammare) ֆիլմի տեսագրությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես կողմ եմ ուշադրության արժանի իտալական կինոյին: Բայց ես նաեւ այս թեմայի կողմնակից եմ: Այս ֆիլմը Լամպեդուզայի առատաձեռնության մասին է` կղզու կանանց եւ տղամարդկանց, որոնց համար (ծովով) եկած ներգաղթյալները նախ եւ առաջ մարդիկ են, ոչ թե թվեր: Եվրոպայի Խորհրդի հաջորդ նիստին ես կգնամ եվրոպացի 27 գործընկերոջ համար 27 DVD սկավառակով: Հույս ունեմ` նրանք այդ ֆիլմը դիտելու ժամանակ կգտնեն: Եվ երբ նայեն դա, հնարավոր կլինի այլ դիտանկյունից խոսել միգրացիայի խնդրի մասին», - գրել է Ռենցին:
Իտալիայի վարչապետը հանդես է գալիս մի քանի երկրի քննադատությամբ, որոնք ներգաղթյալների խնդրի լուծման նպատակով փոխզիջման գնալու ցանկություն չունեն: Իտալիան վաղուց է կանգնած ներգաղթյալների ընդունման առաջին սահմանագծին. վերջիններիցս շատերը վտանգավոր ուղեւորություն են կատարում` Սիցիլիական ծոցով հասնելով Լամպեդուզա փոքրիկ կղզու ափեր, որը փաստացիորեն դարձել է «Եվրոպայի դարպասը»:
«Կրակ ծովում»-ը` վավերագրական ֆիլմ է Լամպեդուզայում ներգաղթյալների կյանքի վերաբերյալ: Ավելի վաղ այդ թեմային էր նվիրվել Էմանուելե Կրիալեզեի «Մայրցամաք» (Terraferma) ֆիլմը, որը 2011-ին «Սուրբ Մարկոսի Արծաթե առյուծի» էր արժանացել Վենետիկի կինոփառատոնին:





























