Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Ադրբեջանի իշխանություններին այլախոհներին հետապնդելու ու երկրում քաղաքացիական հասարակությունը ճնշելու մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով 2015թ. աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին կազմակերպության զեկույցը:
Amnesty International-ը նշել է այն դատավճիռները, որոնք կայացվել են 2014թ. կալանավորված մի շարք ադրբեջանցի իրավապաշտպանների, լրագրողների, բլոգերների, երիտասարդական ակտիվիստնեի ու ընդդիմադիր քաաղաքական գործիչների նկատմամբ: Կազմակերպությունը այդ մարդկանց դեմ մեղադրանքները կեղծված է համարում: «Մեր գնահատականներով, Ադրբեջանում առնվազն 18 մարդ «խղճի բանտարկյալ» է, այսինքն՝ այդ մարդկանց դեմ քրեական գործերը կեղծվել են, ու նրանք հայտնվել են ճաղերի հետեւում, միայն որովհետեւ քննադատել էին կառավարությանը»,- ասել է Amnesty International-ի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեեւը:
Միաժամանակ Ադրբեջանի իշխանությունները «շարունակել են վրեժխնդիր լինել» անկախ լրագրողներից ու ակտիվիստներից, հավաստիացնում է Amnesty International–ը: «Անկախ լրատվամիջոցներին հետապնդել են ու փակել դրանք: Շարունակել են վախեցնել, ճնշել, սպառնալ ու բռնություններ կիրառել անկախ լրագրողների դեմ»,- ասված է զեկույցում: Ավելին, փաստաթղթի հեղինակները նշում են, որ նույնիսկ կառավարությանը քննադատող լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչների ազգականներն են կալանավորվել:
Բացի դրանից, երկրի իշխանությունները ուժեղ խոչընդոտում են իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությանը, որոնք չեն կարողացել վերսկսել իրենց աշխատանքը ակտիվների սառեցման ու իրենց աշխատակիցների անդադար հետապնդումների, այդ թվում՝ նրանց դեմ սարքված քրեական գործերի պատճառով, իսկ միջազգային դիտորդ իրավապաշտպաններին իշխանություններն արգելում էին երկիր մտնել ու արտաքսում էին երկրից, վստահեցնում է զեկույցը:





























