Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը պաշտոնանկ է արել տրանսպորտի եւ ենթակառուցվածքների փոխնախարար Պանայոտիս Սգուրիդիսին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սգուրիդիսը հրաժարականի դիմում էր գրել փետրվարի 17-ին՝ սկանդալային հարցազրույցից հետո, երբ հայտարարել էր, որ վարչապետ Ցիպրասը գյուղացիներին խաբում է այնպես, ինչպես նախկինում անում էին նախկին վարչապետներ Անտոնիս Սամարասն ու Գեորգիոս Պապանդրեուն։

Հրաժարականից հետո Սգուրիդիսը նամակ է գրել Ցիպրասին եւ «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ Պանոս Կամմենոսին եւ շնորհակալություն հայտնել վստահության  համար։  Նա հայտնել է, որ շարունակելու է աջակցել գործող կառավարությանը, քանի որ այն միակ հույսն է երկիրը ճգնաժամից հանելու համար։