Եվրոպական երկրների թվում մարդու իրավունքների պաշտպանության ամենաէական հետընթացը 2015թ. գրանցվել է Թուրքիայում։ Այս մասին ասված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
«Եվրոպական երկրներից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ամենամեծ հետընթացը հավանաբար տեղի է ունեցել Թուրքիայում»,- կարծում են զեկույցի հեղինակները։
Իրավապաշտպանների պնդմամբ՝ 2015թ. թուրքական մամուլը բախվել է կառավարության կողմից աննախադեպ ճնշման, մեծապես տուժել է խոսքի ազատությունը համացանցում եւ դրա սահմաններից դուրս, չեն դադարել խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Զեկույցի հեղինակները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ խաղաղ ցուցարարների նկատմամաբ դատական հետապնդումները չեն դադարել, իսկ քաղաքական ակտիվիստների, լրագրողների եւ ռեժիմի այլ քննադատների դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել։ Ընդ որում, երկրում ահաբեկչության դեմ գործող օրենքները մշուշոտ են եւ լղոզված, կարծում է Amnesty International-ը։
Իրավապաշտպանները նաեւ պնդում են, որ 2015թ. կտրուկ աճել են ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից ուժ կիրառելու դեպքերը։ Ընդ որում, Amnesty International-ը կարծում է, որ ազգային անվտանգության մասին օրենսդրական փոփոխությունները հակասում են ուժ կիրառելու մասին միջազգային չափանիշներին։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ միգրացիայի մասին համաձայնագրի ստորագրումից հետո երկրում հաճախակիացել են փախստականների կամայական ձերբակալություններն եւ վտարումները։ Շատերին ստիպել են «ինքնակամ» հետ վերադառնալ Սիրիա եւ Իրաք, ինչը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։
«Ընդ որում, Թուրքիայի կողմից մարդու իրավունքների լուրջ ոտնահարումները փաստացիորեն անտեսվում են Եվրամիության կողմից։ Սովորաբար նման դեպքերում ԵՄ քննադատությունը շատ կոշտ է լինում, սակայն հիմա, երբ ԵՄ-ի համար շատ կարեւոր է փախստականների հարցով ձեռք բերված համաձայնությունը, այդ քննադատությունը թուլացել է»,- հայտարարել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Դենիս Կրիվոշեեւը։





























