Մոսկվայում գեյ-շքերթների կազմակերպիչ Նիկոլայ Ալեքսեեւը, ում ձերբակալել ու հեռացրել էին Մոսկվայից, կարողացել է վերադառնալ ՌԴ մայրաքաղաք: Այս մասին նա գրել է իր անձնական կայքէջում:
«Ես եկա Մոսկվա: Շնորհակալություն բոլորին այս սարսափելի ժամանակահատվածում ինձ աջակցելու համար: Կաշխատեմ մինչեւ երեկո հանդես գալ հայտարարությամբ»,- նշել է Ալեքսեեւն իր բլոգում:
Ավելի վաղ նշվում էր, որ նա գտնվում է Մինսկում եւ մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Բելառուսից:
Հիշեցնենք, որ նախօրեին Ալեքսեեւի համախոհները եւ «Համերաշխություն» շարժման ակտիվիստ Ալեքսեյ Դավիդովը տեղեկացրել էին, որ Ռուսաստանի գլխավոր գեյը գտնվում է Մինսկում: Գեյ-շարժման ներկայացուցիչների խոսքով, դեռեւս անհայտ է, թե ինչպես է Ալեքսեեւը հայտնվել Բելառուսում:
Ինքը Ալեքսեեւն ասել է, որ իրեն վտարել են Ռուսաստանից, բայց մոտ ժամանակներս մտադիր է վերադառնալ Մոսկվա եւ շարունակել նոր ակցիայի անցկացման նախապատրաստական աշխատանքները:
Ավելի վաղ Դավիդովը լրագրողներին ասել էր, որ Ալեքսեեւից պահանջել են հրաժարվել Եվրադատարան ներկայացրած հայցից, որով նա բողոքում է, որ Մոսկվայի իշխանությունները թույլ չեն տալիս քաղաքում գեյ-շքերթ, ինչպես նաեւ հակալուժկովյան նստացույց անցկացնել, որը նախատեսված է սեպտեմբերի 21-ին:





























