Հայաստանը շնորհակալ է ամերիկյան կողմին կառավարման օրինակելի մոդելի, տեղամասային կառավարիչների ինստիտուտի ներդրման, փորձագիտական խորհրդատվության եւ փոխադարձ այցերի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 24-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ/INL) գրասենյակի ներկայացուցիչների, մասնավորապես`քրեակատարողական հարցերով եւ պրոբացիայի գծով խորհրդատու Էնթոնի Սթրեվելերի, ԹՊԻՀ ծրագրի ղեկավար Ջեք Անդերսոնի եւ ԹՊԻՀ ծրագրի պատասխանատու Կարինե Քեշաբյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում, գոհունակություն հայտնելով ընդունելության համար, Էնթոնի Սթրեվելերը կարեւորեց քրեակատարողական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը`հույս հայտնելով, որ անկախ մշակութային, վարչարարական եւ օրենսդրական տարբերություններից`այդ փոխգործակցությունը նպաստավոր կլինի երկու կողմերի համար էլ, քանզի այն երկուստեք միտված է նույն նպատակի իրագործմանը:
Ի պատասխան` ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց ԱՄՆ կառավարությանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը արդյունավետ համագործակցության, մասնավորապես`կառավարման օրինակելի մոդելի, տեղամասային կառավարիչների ինստիտուտի ներդրման, փորձագիտական խորհրդատվության եւ փոխադարձ այցերի համար:
Քննարկվեցին պրոբացիոն ծառայության ներդրման եւ կենսունակության, ՔԿԾ-ում աստիճանական կրթական համակարգ ստեղծելու, բարեփոխումների կայունության անշրջելիության, թմրանյութերի դեմ պայքարի միջոցների արդյունավետության, փոխգործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին ձեռք բերվեց համագործակցության շարունակականությունն ապահովելու պայմանավորվածություն:




























