Աբխազիայի ԱԳՆ-ն պատրաստվում է Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հետ անվիզա այցելությունների մասին համաձայնություն ստորագրել։ Այս մասին հայտնել է Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիան։

«Նախարար Վյաչեսլավ Չիրիկբան Աբխազիայի ԱԳՆ միջազգային-իրավական բաժնին հանձնարարել է նախապատրաստել բարեկամ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ փոխադարձ անվիզա այցելությունների մասին համաձայնագրերի նախագիծը»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Տանիան։ Նա նշել է, որ դա պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող «Աբխազիայի Հանրապետությունից ելքի եւ Աբխազիայի Հանրապետություն մուտքի մասին» օրենքը ուժի մեջ մտնելու հետ։

Օրենքի համաձայն՝ այսուհետ առանց վիզայի Աբխազիա կարող են մուտք գործել միայն այն երկրների քաղաքացիները, որոնք ճանաչել են նրա անկախությունը եւ փոխադարձ անվիզա այցերի մասին համաձայնագրեր ունեն։

Փոխնախարարը հիշեցրել է, որ Աբխազիայում վիզայինռ եժիմը գործում է 90-ական թթ. կեսերից, սակայն վերաբերում էր միայն հեռավոր արտասահմանի քաղաքացիներին։ Նախքան օրենքն ընդունելը, վիզային ռեժիմը կարգավորվում էր հանրապետության ԱԳՆ ներքին դրույթներով, Կառավարության որոշումներով եւ նախագահի հրամանով։

«Ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը կվերաբերի այն քաղաքացիներին, որոնց երկրների հետ Աբխազիան փոխադարձ անվիզա այցերի մասին համաձայնագրեր չունի։ Այս պահին վավերացված համաձայնագրեր կան Ռուսաստանի եւ Նիկարագուայի հետ։ Հարավային Օսիայի հետ նման համաձայնագրի ստորագրումը վավերացման փուլում է»,- ասել է Տանիան։