Եվրասիական տնտեսական համագործակցության ֆոնդը կարող է ոչ միայն վարկեր, այլ նաեւ դրամաշնորհներ տրամադրել։ Այս մասին փետրվարի 24-ին խորհրդարանում ասել է ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով հակաճգնաժամային ֆոնդի մասին պայմանագիրը։

Նա հիշեցրել է, որ «ԵվրԱզԵՍ» հակաճգնաժամային ֆոնդը վերանվանել է կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամ։ Եթե նախկինում այն կարող էր միայն վարկեր տալ, ապա հիմա՝ նաեւ դրամաշնորհներ։ Դրանց կարող են հավակնել առավել պակաս կարողունակ անդամ երկրները սոցիալական ծրագրերի իրականացման համար։ «Ցավոք Հայաստանը կարող է դրամաշնորհների դիմել (ցավոք, որովհետեւ ցածր եկամուտների չափանիշին է համապատասխանում), սակայն դեռ վաղ է քննարկել, թե որքան կարող է ստանալ։ Սկզբում հիմնադրամը պետք է փակի ֆինանսական տարին եւ համոզվի, որ եկամուտ է ունեցել»,- ասել է Ջանջուղազյանը։