ՀԱՀ-ի նախագահ Ջեյքոբ Զուման կարգադրել է ապրիլի 1-ին Սուդանի Դարֆուրի շրջանից հանել հարավաֆրիկյան զորքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Հարավ-աֆրիկյան պաշտպանության ազգային ուժերը Դարֆուր էին ուղարկվել   2008-ին` Դարֆուրում ՄԱԿ-ի եւ Աֆրիկյան միության  համատեղ գործողության  (UNAUMID) շրջանակում:

Զորքի դուրս բերումը նախատեսված է 2016-ի ապրիլի 1-ին», - ասված է նախագահական վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ: Զուման զինվորականներին շնորհակալություն է հայտնել Դարֆուրում խաղաղության վերականգնմանն ուղղված  գործողությանը մասնակցության համար:

ՀԱՀ-ի սահմաններից դուրս ներկայումս ընդհանուր թվով ավելի քան  4600 հարավաֆրիկացի խաղաղարար է ծառայում` Սուդանում եւ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում: 

UNAUMID-ի առաքելությունը Դարֆուրում  տեղակայվել էր յոթ տարի առաջ, երբ փորձ էր արվել վերջ դնել կառավարական զորքի եւ տեղացի ապստամբների միջեւ 2003-ին բռնկված  զինված բախմանը: Ներկայումս UNAUMID-ը խոշորագույն խաղաղարար առաքելություններից է, որին ավելի քան   25 հազար զինծառայող եւ ոստիկան է մասնակցում: