Քյոլնի շրջանային դատարանում ավարտվել է ամանորի գիշերը քաղաքում իրականացված հարձակումների մեջ մեղադրվողներից մեկի գործով դատաքննությունը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Առաջին դատապարտյալը Մարոկկոյի 23-ամյա քաղաքացին է, որը Գերմանիայում ապաստանի տրամադրման մասին որոշման էր սպասում: Նրան դատապարտել են 6-ամսյա պայմանական ազատազրկման եւ 100 եվրոյի չափով տուգանքի՝ գողության եւ թմրանյութ պահելու համար:

Հիշեցնենք, որ ամանորի նախաշեմին՝ կեսգիշերին մոտ, Քյոլնի կայարանամերձ հրապարակում մարոկկացին խլել էր Քյոլնի տաճարը լուսանկարել պատրաստվող աղջկա բջջային հեռախոսը: Վերջինին հաջողվել էր բռնել գողին: Դատարանում մարոկկացին ընդունել է մեղքը եւ ներողություն խնդրել տուժածից:

Ամանորի գիշերը Քյոլնում տեղի ունեցած հարձակումների փաստով ավելի քան 550 դիմում է ստացվել: Դրանց շուրջ 45%-ը վերաբերում է սեռական ոտնձգությունների: