«Իսլամական պետությանը» հարելու փորձի համար մեղադրվող Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի Վարվարա Կարաուլովայի փաստաբանները գանգատով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Փաստաբանները Եվրոպական համաձայնագրի միանգամից մի քանի կետի խախտում են մատնանշում: Այդ մասին հայտնել է Կարաուլովայի փաստաբան Սերգեյ Բադամշինը:
Հայտարարության մեջ ասված է, որ խախտվել է ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի 5-րդ հոդված): Փաստաբանի խոսքով, այդ խախտումը թույլ է տրվել իր պաշտպանյալի ձերբակալության եւ հետագայում մեկուսարանում նրա կալանքի երկարաձգումների ընթացքում:
Գանգատում հիշատակված է նաեւ արդար դատաքննության իրավունքի խախտումը (Համաձայնագրի 6-րդ հոդված): Բադամշինը պարզաբանել է, որ դատարանները խափանման միջոց ընտրելիս արտահայտվել են Կարաուլովայի մեղքի ապացուցված լինելու մասին, չնայած մեղքը պիտի ապացուցվի գործը ըստ էության քննելու ընթացում: Բացի այդ, փաստաբանները նոյեմբերին մեկ ամիս շարունակ չեն կարողացել տեսակցել Կարաուլովայի հետ, ինչի մասին եւս ասված է ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում, տեղեկացնում է RBK-ն:





























