Հնդկաստանի հյուսիսային Հարյանայի նահանգում զանգվածային խռովությունից 5 օրվա ընթացքում 28 մարդ է զոհվել, մոտ 250-ն էլ վիրավոր են։ Այս մասին հայտնել է նահանգի ոստիկանապետ Յաշ Փալ Սինգալը։
«Ոստիկանությունը ձերբակալել է 127 առավել ակտիվ ցուցարարներին, եւս 535 դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում»,- ասել է նա։
Ոստիկանապետը նաեւ նշել է, որ իրավապահները ստիպված են եղել կրակ բացել ցուցարարների դեմ, քանի որ վերջին օրերին ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների, որոնք ուղեկցվում են կողոպուտով եւ հրդեհներով։ Բախումներից տուժել է 20 ոստիկան։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մեկ շաբաթ առաջ ջաթերը (հողագործների կաստայի ներկայացուցիչներ) ցույցեր էին սկսել՝ կառավարությունից պահանջելով ուսումնական հաստատություններում եւ պետական ապարատում մեծացնել տեղերի քվոտաները։ Փետրվարի 19-ին ցույցերը վերածվել էին զանգվածային անկարգությունների։





























