ՆԱՏՕ-ն համաձայնեցրել է փախստականների խնդրին ու միգրացիոն ճգնաժամին ԵՄ արձագանքմանն աջակցելու պայմանները, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:
«ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Գերմանիայի, Հունաստանի ու Թուրքիայի արած առաջարկներին ի պատասխան արագ որոշում են կայացրել երկու շաբաթ առաջ: Այդ ժամանակվանից լարված աշխատանքներ են սկսվել: Մենք կմասնակցենք Էգեյան ծովում ապօրինի միգրացիայի ուղիները փակելու միջազգային ջանքերին: Քանի որ այս ճգնաժամը բոլորիս է վերաբերում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Էգեյան ծով է ժամանել ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ծովային խումբը: Դաշինքի նավերը տեղեկություններ են տրամադրելու Հունաստանի եւ Թուրքիայի առափնյա պահակազորին ու մյուս ազգային կառույցներին: ՆԱՏՕ-ն նաեւ ուղիղ կապ կհաստատի Եվրամիության Frontex, սահմանապահ գործակալության հետ, հայտնում է «Ինտերֆաքսը »:
Հաղորդագրության մեջ նշված է որ ՆԱՏՕ-ի խնդիրների մեջ չի մտնում միգրանտներով նավերը հետ ուղարկելը: Դաշինքն ընդամենը տեղեկություններ կտրամադրի, որպեսզի հունական ու թուրքական առափնյա ծառայություններին օգնի ավելի արդյունավետ կատարել իրենց աշխատանքը:





























